«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 5

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 5
04.07.2025 | 18:02

Սկիզբը՝ այստեղ

Իշխանությունը զավթածներին ծառայող գործիքները բարբաջում են իշխանությունը զավթելու մասին

Որքան ուշադիր ընթերցեք Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ս. թ. հունիսի 25- ի հաղորդագրությունը , այնքան կարող է ամրապնդվել այն տպավորությունը, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարներին ու մասնակիցներին վերագրվածը, թե նրանք պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, իրականության հետ կապ չունի և, հետևաբար, հարուցված հանրային քրեական վարույթը շինծու է:

Ահավասիկ. ըստ ՔԿ- ի, «Վ․Գ․-ն (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են… տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ»:

Լո՞ւրջ… Կարո՞ղ է ՔԿ- ում ինչ- որ անշնորհ մեկի սցենարով նկարահանված սարսափ ֆիլմ են դիտել ու հետո եկել, մոգոնել վերը մեջբերվածը… Եվ հետո, եթե անգամ «ԱԱԾ» կոչվածի կողմից բացահայտվելուց, «ահաբեկչության» և «իշխանության զավթման» կանխումից հետո էլ «Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են» (և ոչ թե՝ պլանավորել էին…) իրականացնել ահաբեկչություն և իշխանության զավթում, ուրեմն նրանք գերմարդիկ (սուպերմեններ են), քանի որ սովորական մարդիկ քրեակատարողական հիմնարկից դա չեն կարող անել:

Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ հրավտանգ միջոցների մասին է խոսքը, որոնցով հնարավոր է, և որոնցով պետք է վնասեին և ոչնչացնեին էլեկտրաէներգիայի մալուխներն՝ այն դեպքում, երբ Երևանի նույնիսկ ոչ կենտրոնական մասերում դրանք անցկացված են գետնի տակով: Ընդունենք, թե դրանք որոշ տեղերում վերգետնյա են, վաղը եթե մեղադրյալների պաշտպանները միջնորդեն, պահանջեն քննչական փորձարարություն իրականացնել և ապացուցել, որ դրանցով հնարավոր է վնասել և ոչնչացնել էլեկտրաէներգիայի մալուխները, ՔԿ- ի քննիչները կարողանալո՞ւ են ապացուցել, ինչպես ասում են, դրա տակից դուրս գալո՞ւ են…

Երկրորդ. եթե նույնիսկ հաջողվեր էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ իրականացնել, Նիկոլ հայադավը և իր ոհմակը դրանից հետո թեկուզ հարկադրաբար հրաժարական տվո՞ղ էին… Դե, իհարկե՛, ոչ, նույնիսկ եփված հավերը կծիծաղեն… Ո՛չ, ոչ միայն հաշվի առնելով, որ կառավարությունը, «Ազգային ժողով» կոչվածն ապահովված են պաշտպանված, ինչպես նաև պահեստային էլեկտրասնուցմամբ և համացանցային կապով, այլև, որ քաջատեղյակ են ու լիովին պատկերացնում են, թե հրաժարականներից հետո իրենց ինչ է սպասվում իրենց ոճրագործությունների դիմաց:

Կամ՝ խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումնե՞րն է, որ Նիկոլին և իր ոհմակին (չարախմբին) պետք է հարկադրեին հրաժարական տալ… Դարձյալ ծիծաղելի է, մանավա՛նդ, որ լուսացույցների խափանումներն առանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, «Սրբազան պայքար» անվանումով շարժման այլ ղեկավարների ու մասնակիցների «ահաբեկչության» էլ գրեթե զանգվածային բնույթ ունեն:

Ամենազավեշտալին, սակայն, հրավտանգ միջոցների գործադրմամբ տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը շարքից հանելու և նաև այդ կերպ բնակչությանն ահաբեկելու մտադրությունն է, որ վերագրված է Գալստանյանին և այժմ կալանավորված այլ անձանց: Բոլորս էլ գիտենք, որ տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը մետաղյա են, պղնձի համաձուլվածք, և դրանք հրավտանգ միջոցների գործադրմամբ հնարավոր չէ այրել:

Բացի վերոնշյալից, Երևանում քանի՞ տրոլեյբուս է մնացել ու քանի՞ ուղևոր է օգտվում դրանցից, որ տրոլեյբուսների աշխատանքի կանգով հնարավոր լիներ ահաբեկել բնակչությանը: Սրանից ավելի մեծ սուտ կարելի՞ էր մոգոնել… Եթե Երևանի բոլոր տրոլեյբուսները վաղն աշխատանքի դուրս չգան, ուղևորների կողմից դա առանձնապես չի էլ նկատվի և ինչ- որ հոգս նրանց չի պատճառի, տրոլեյբուսների փոխարեն, կերթևեկեն ավտոբուսներով, մետրոպոլիտենի գնացքների շարժակազմերով, մանավա՛նդ, որ հիմա դրանց բոլորի ուղևորավարձերը նունն են՝ 150 դրամ, տարբերություն չկա:

Ինչ վերաբերվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, «Սրբազան պայքար» անվանումով շարժման այլ ղեկավարների ու մասնակիցների կողմից, ըստ ՔԿ-ի, բնակչությանն ահաբեկելու նպատակով հասարակական սպասարկման օբյեկտներն այրման եղանակով ոչնչացնելու նպատակադրմանը, նախապատրաստմանը, ապա, կարծում եմ, նրանց ճանաչող և ողջախոհ որևէ մեկը դրան չի կարող հավատալ, կհավատային եթե ՔԿ- հաղորդագրությունում այդ կապակցությամբ խոսքը Նիկոլ հայադավի և իր ոհմակի անդամների մասին լիներ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ